
Չէ որ երաժշտությունն էլ գույն ունի, օրինակ կապույտը երազանք է ….
Վլադիմիր Աբրահամյան
ՀՀ վաստակավոր նկարիչ Վ. Աբրահամյանը դասական երաժշտության սիրահար էր, նրա արվեստանոցում մշտապես հնչել է երաժշտությունը: Ստեղծագործելիս հաճախ նախ ձայնարկիչն էր միացնում: Նրա ձայներիզների հարուստ հավաքածուն այսօր էլ կա արվեստանցում, ինչպես ինքն էր դասակարգել:
1941 թվականին, ուշ աշնանային մի սիրուն օր, բնատակերներով պարուրված մի գողտրիկ գյուղում է ծնվել Վլադիմիր Աբրահամյանը, հնձվորներին հաց ու ջուր հասցնելու կես ճանապարհից մայրը հետ է դարձել … Ցորենի դաշտում էլ լույս աշխարհ է եկել:
Բջնիում ապրող աշխատավոր ամուսինների` Սմբատի ու Սիրանույշի 5-րդ զավակն էր Վոլոդյան (հետագայում` Վլադիմիր): Ընտանիքում ոչ ոք գեղանկարչության հետ առնչություն չուներ, առավել ևս` արվեստի: Հետո միայն պիտի ի հայտ գար տղայի նկարելու նկատմամբ հետաքրքրությունը, սերը, տաղանդը: Մեկ անգամ չէ, որ Վ. Աբրահամյանը նշել է` բնությունն է սովորեցրել նկարել: Ով իմանար, որ լազուր աչքերում չխամրող մանկության պատկերները մի օր կտավներ էին դառնալու, ջերմացնելու էին մարդկանց սրտերը, զարդարելու էին թանգարանները: Հնարավոր չէ Վ. Աբրահամյանի արվեստը տեղավորել մեկ ժանրում: Նա հավասարապես վարպետորեն ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նկարչի ներկապնակին հատուկ են վառ գույները:
Նրա մասին երկար ու ձիգ պատմություններ չեն գրվել, բայց նա զարդարել է ուրիշների պատմությունները. գրքի շապիկ, թե պատկերազարդ էջեր` ամեն գործի իրեն հատուկ գույնն ու ձևն է տվել…
Հենց նրա արվեստի մասին մարդկանց պատմելու, ժամանակակից լեզվով պատմելու նպատակով էլ ստեղծվեց ART VLadi MIR-ը: Ստեղծվել է, որ Վ. Աբրահամյանի արվեստի միջոցով հայկական արվեստը տարածվի…
Կենսագրական տվյալներ
/1941-2020/
1941թ․ -Ծնվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղում
1966 թ․— ավարտել է Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը
1971թ․— ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը
Աշխատել է.
1973-1976 թթ․— Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում` դասախոս
1980-1991 թթ․— Հեռուստառադիոպետկոմի գրական — գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում` որպես բեմադրող նկարիչ
1993-1995 թթ․— Գեղարվեստական խմբագիր՝ ՆԳ «02» շաբաթաթերթում
1995-1999 թթ․— Գեղարվեստական խմբագիր՝ «Արևիկ» հրատարակչությունում
1999-2014 թթ․— Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում`դասախոս
2015-2020 թթ. դասավանդել է Աբովյանի պետական քոլեջում` դասախոս
1975 -2020 թթ. Հայաստանի նկարիչների միության անդամ
Ցուցահանդեսներ
1972 թ. -ից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների.
1975 թ.- ՌԴ, Տյումեն մարզ, ք. Տյումեն
1976 թ.- ՌԴ, Բուրիաթիայի հանրապետություն, ք. Ուլան Ուդե
1979 թ.- ՌԴ, Արխանգելսկի մարզ, ք. Արխանգելսկ
1983 թ.- Շվեդիա
1983 թ.- Լեհաստան
1986 թ.- ԱՄՆ
1991թ.- Ֆրանսիա
Անհատական ցուցահանդեսներ
2005 թ․ — Չինաստան, ք. Նանչանգ
2011 թ․— Հայաստան, ք. Երևան
2017 թ. – Հայաստան, ք. Երևան /հոբելյանական/
2019 թ. –Հայաստան, ք. Երևան
Հետմահու
2021 թ.- Հայաստան՝ ք. Երևան
2023 թ. – Հայաստան՝ ք. Երևան
Պարգևներ, մրցանակներ
2005 թ․— պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով
2009 թ․— պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով
2011 թ․— պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրով
2013 թ․— արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման
Վ. Աբրահամյանի 1000-ից ավելի ստեղծագործությունները գտնվում են ինչպես ընտանեկան հավաքածուում, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում /ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան/: Վ. Աբրահամյանը նաև 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է: